Ջենիֆեր Լոպեսն այսօր՝ օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում հանդես կգա իր երեւանյան առաջին մենահամերգով։ Երգչուհին երեկ է ժամանել Երեւան, եւ դատելով NEWS.am STYLE-ի պատրաստած կադրերից՝ բավական լավ է իրեն զգում այստեղ։
Ջեյ Լոն եւ նրա անձնակազմը հանգրվանել են 7 Visions The Dvin հյուրանոցում։ Մեզ հաջովեց ֆիքսել երգչուհուն լանչի ժամանակ՝ հյուրանոցի սրճարանում։ Նա բավական համեստ ու պարզ տեսք ուներ․ հյուրանոցում ճաշելու համար Ջենիֆերն ընտրել էր սպիտակ օվերսայզ շապիկ՝ նախշուն օձիքով, կարճ կիսատաբատ եւ թեթեւ սանդալներ։ Նա կրում էր բարձր պոչ եւ նուրբ դիմահարդարում։ Սրճարանից դուրս գալիս նա ողջունեց իրեն սպասող երկրպագուներին, իսկ NEWS.am STYLE-ի հարցմանը, թե ինչպես է իրեն զգում, պատասխանեց՝ «Շատ լավ եմ»։
Ջենիֆերի թիմում է նաեւ ամերիկահայ հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանը, որին ուղեկցում էր ռեփեր Սուպեր Սաքոն։ Զույգի՝ միասին լինելու մասին խոսակցությունները վաղուց էին շրջանառվում․ հատկանշական է, որ նրանք ձեռք ձեռքի բռնած դուրս եկան հյուրանոցից։ Նրանք Ջեյ Լոյի անձնակազմի հետ երեկոյան այցելեցին «Փարվանա» ռեստորան։
Ինքը՝ Ջենիֆերը, ընթրել է Cascade Royal ռեստորանում։ NEWS.am STYLE-ը ֆիքսել է երգչուհուն ռեստորան գնալիս։ Ջեյ Լոն ընտրել էր թեթեւ ամառային սարաֆան՝ ծաղկավոր պրինտով։ Երգչուհու դիմահարդարումը կրկին մեղմ էր, աքսեսուարների ընտրությունը՝ համեստ, իսկ մազերը հավաքված էին ցածր պոչով։