Իրանի հետախուզության օպերատիվ աշխատակիցները բացահայտել են Իսրայելի ռազմաօդային ուժերի օդաչուների, հրամանատարների և անօդաչու թռչող սարքերի օպերատորների ամբողջական տվյալները, որոնք հունիսին մասնակցել են երկրի դեմ Իսրայելի պատերազմին, գրում է Mehr-ը։
Այս իրադարձության մասին շաբաթ օրը հայտնել են Իրանի պաշտոնական հեռուստաալիքները և երկրի տարբեր լրատվական գործակալություններ։
Ըստ հաղորդագրությունների, ձեռք է բերվել ՌՕՈՒ-ի ծառայողների գրեթե ամբողջական անձնական տեղեկատվությունը՝ ներառյալ նրանց ինքնությունը, բնակության վայրերը, օպերատիվ ստորաբաժանումները, ռազմաբազաները և դերը այլ հանցագործություններում։
Հաղորդումներում ընդգծվել է, որ հետախուզական գործողությունն իրականացվել է՝ չնայած զինվորականների ինքնությունը թաքցնելու Իսրայելի խիստ ջանքերին, ինչի մասին վկայում են իսրայելական լրատվամիջոցները, որոնք հեռուստատեսային ռեպորտաժների ժամանակ պարբերաբար մշուշում են նրանց դեմքերը։
Իրանական լրատվամիջոցները պատմել են 119-րդ էսկադրիլիայի («Չղջիկ» էսկադրիլիա) հրամանատարի տեղակալ մայոր Յաել Էշի և նրա ամուսնու՝ Բար Փրինսի մասին։
Էշը ճանաչվել է որպես մայոր Շիմոն Էշի թոռնուհի, որն օդաչու էր և անհետ կորել է Ահեղ դատաստանի պատերազմի ժամանակ, որը 1973 թվականին մղվել է Իսրայելի և արաբական երկրների կոալիցիայի միջև։
Հաղորդումներում նաև ասվում էր, որ հենց անձնակազմի գտնվելու վայրը դարձել է իրանական հակահարվածների թիրախ, Իսրայելը նրանց տեղափոխել է դպրոցների նման վայրեր։
Տարհանումը, ըստ նրանց, իրականացվել է, որպեսզի Իսրայելը կարողանա հայտարարել, թե Իրանը հարվածներ է հասցրել «քաղաքացիական» օբյեկտների, եթե այդ վայրերը հարձակման ենթարկվեն։