Այսօր՝ օգոստոսի 1-ին, հերթական անգամ լարված իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան վարչական շրջանում:
100-ավոր բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և պահանջում են, որպեսզի Կառավարությունը պատասխանի, թե ինչն է պատճառը, որ գրեթե 1 տարի է՝ սայլը տեղից չի շարժվում, այն դեպքում, երբ անցյալ տարի դեկտեմբերին դարձյալ բողոքի ակցիայի ժամանակ իշխանությունները խոստացան, որ խնդիրը կլուծվի:
Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները ասում էին.
«1 տարուց ավելի է, չգիտես ինչու, ոչ մի աշխատանք չի կատարվում: Այն ժամանակ նույնպես բողոքի ակցիա կատարեցինք, փակեցինք ճանապարհը և միայն այն ժամանակվա Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին հավատալով դադարեցրինք բողոքի ակցիաները:
Ա. Ղազարյանը իր խոստումը կատարեց, մի քանի կմ-անոց ճանապարհի դարուփոսը հատուկ տեխնիկաների միջոցով հարթեցվեց, բայց Ղազարյանին մարզպետից տեղափոխեցին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, մեր սպասելիքները հօդս ցնդեցին, հիմա չգիտենք՝ աշխատանքները կկատարվեն, թե ոչ:
Մենք շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները, մինչև խնդիրը չլուծեն»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են համայնքային ոստիկանության և պարեկային ծառայության մեծ թվով աշխատակիցներ, ովքեր համոզում են բողոքի ակցիայի մասնակիցներին, որ բացեն ճանապարհը:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ին, Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչների կողմից տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին։ Բնակիչները խնդրում էին, որպեսզի մի քանի կմ-անոց ճանապարհը, որը կապում է մի քանի գյուղեր Տաշիր քաղաքի հետ, վերանորոգեն, վերացնեն փոսերը, ինչի պատճառով ամեն օր ավտոմեքենաներ էին ջարդվում, իսկ շատ դեպքերում էլ շտապօգնության ավտոմեքենաները մեծ դժվարությամբ էին հասնում կանչի վայր։ Այդ օրը բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպել էր այն ժամանակ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ով բնակիչներին խոստացել էր, որ ժամանակավորապես 6-7 կմ-անոց ճանապարհը կբարեկարգեն «գրունտով», ինչի արդյունքում փոսերը կվերանան, իսկ 2025 թվականին Կառավարության օգնությամբ ճանապարհը ամբողջությամբ կվերանորոգեն։