Թուրքիայի հյուրանոցները տարեսկզբին գները 20-25%-ով բարձրացնելուց հետո այժմ իջեցնում են ռուսաստանցի զբոսաշրջիկների պահանջարկի նվազման պատճառով։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերական միության մամուլի ծառայությունից։
«Տարեսկզբին, մեր գնահատականներով, Թուրքիայում հյուրանոցատերերը բարձրացրել էին գները 20-25%-ով, իսկ հիմա առաջիկա ամսվա համար իջեցրել են` հասցնելով անցյալ տարվա մակարդակին», – հայտնել է միությունը՝ հղում անելով Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերական միության տուրիզմի գծով ղեկավար Սերգեյ Ագաֆոնովին։
Նա նշել է, որ Թուրքիան կայուն պահանջարկ է վայելում, սակայն զբոսաշրջիկները շատ զգայուն են տեղական հանգստավայրերի գնային քաղաքականության նկատմամբ։
«Երբ Թուրքիայի հյուրանոցատերերը բարձրացրին գները, մենք նկատեցինք, որ մեր զբոսաշրջիկների թիվը նվազում է. նրանք այլ երկրներ են ընտրում։ Թուրքական հյուրանոցները հասկացան իրենց սխալը և թեժ սեզոնին ընդառաջ սկսեցին իջեցնել գները, տրամադրել տարբեր զեղչեր։ Այժմ նաև բազմաթիվ փոխադրումներ կան դեպի Թուրքիայի տարբեր հանգստավայրեր, տարբեր ափեր։ Օգոստոսի համար պահանջարկը լավն է», – պարզաբանել է Ագաֆոնովը։
Ավելի վաղ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնել էր, որ Թուրքիան առաջատար դիրքում է օգոստոսին տուրերի վաճառքի ծավալով (38.4%- վաճառված տուրեր), մինչդեռ անցյալ օգոստոսին ուղղության մասնաբաժինը 34.8% էր։