Հուլիսի 30-ի տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո մոտ 120 հետցնցում է տեղի է ունեցել Կամչատկայում վերջին օրվա ընթացքում: Երկրամասի բնակավայրերում դրանցից մի քանիսը զգացվել են մինչև 5 բալ ուժգնությամբ:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների տարածաշրջանային Գլխավոր վարչությունը:
«Մեկ օրում տեղի է ունեցել 120 հետցնցում՝ 3,5-ից մինչև 6,7 մագնիտուդով: Բնակավայրերում դրանց մի մասն զգացվել 2-ից մինչև 5 բալ ուժգնությամբ», – հաղորդում է գերատեսչությունը:
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրամասում սեյսմիկ ակտիվությունը նվազում է, թեև առաջվա նման մնում է բարձր: Հուլիսի 30-ի 8,8 մագնիտուդով երկրաշարժից հետո հետցնցումների գործընթացը, կանխատեսումների համաձայն, կտևի մի քանի ամիս:
Հուլիսի 30-ի առավոտյան Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել հուժկու երկրաշարժ: Այն եղել է հզորագույնը 1952 թվականից ի վեր: Ուժգին ցնցումներ են զգացվել նաև Սևերո-Կուրիլսկում, ինչից հետո եղել են ցունամիի ալիքներ:
Կատարվել են մարդկանց տարհանումներ: Երկրաշարժը նաև առաջացրել է Խաղաղ օվկիանոսում ցունամի, որի սպառնալիքի մասին հայտարարել են Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆիլիպինների և այլ երկրների իշխանությունները: