Եվրոպական միությունը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Անիտա Հիպերը՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած հանդիպմանը։
Ինչպես նշվել է նախկինում, մենք ողջունել էինք 2025 թվականի մարտին «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հասնելու ճանապարհին։
Կոչ ենք անում երկու կողմերին հնարավորինս արագ ստորագրել և վավերացնել խաղաղության համաձայնագրի նախագիծը։ ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ աջակցություն և փորձագիտական խորհրդատվություն տրամադրել, եթե կողմերն այդ մասին խնդրեն», – հայտարարել է Անիտա Հիպերը։