Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե քաղաքում սկսվել է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների զինաթափման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է «CNN Türk» հեռուստաալիքը:
«Զինաթափման գործընթացը սկսվել է, առաջիկայում կադրեր կլինեն»,-հաղորդում է հեռուստաալիքը:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների` սպասվում է, որ ՔԱԿ-ի զինաթափման գործընթացի մեկնարկի ժամանակ մի խումբ քուրդ մարտիկներ խորհրդանշական կերպով կթաղեն զենքը: Գործընթացը կավարտվի 3-4 ամսից և կանցնի Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) և զինված ուժերի հսկողության ներքո:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի վերջին Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկված է թուրքական բանտում, կոչ էր արել իր կողմնակիցներին վայր դնել զենքը և ցրել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։ Մայիսին ՔԱԿ–ը հայտարարեց, որ որոշել է լուծարվել և դադարեցնել զինված հակամարտությունը։