Ուկրաինան շարունակում է հանդես գալ 30-օրյա հրադադարի նախապայմաններից զերծ պլանի օգտին՝ որպես Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման նախընտրելի ուղի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան՝ հարցազրույցում ադրբեջանական Report պարբերականին։
Պալիսան նշել է, որ Կիևը հավատարիմ է դեռևս Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի հետ համաձայնեցված հրադադարի ծրագրին։ Նրա խոսքով՝ հունիսի 2-ին Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները հիմնականում սահմանափակվել են հումանիտար հարցերով, իսկ Մոսկվան, ըստ նրա, խուսափել է իրական և կառուցողական քննարկումներից, գրում է Лента.ру-ն։
Բացի այդ, Պալիսան հիշեցրել է, որ Կիևը պատրաստում է «Սարդոստայն» օպերացիայի նմանակներ՝ մատնանշելով Ուկրաինայի հարվածային կարողությունները՝ Ռուսաստանի տարածքում իրականացված հունիսի 1-ի գործողություններից հետո։