ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է աշխատակիցներին գերատեսչությունում սպասվող կրճատումների մասին՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ կառավարության աշխատակազմը կրճատելու ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում են The Washington Post-ը (WP) և The New York Times-ը (NYT)՝ հղում անելով Պետդեպարտամենտի աշխատակիցներին ուղարկված ներքին հաղորդագրությանը, որը հայտնվել է իրենց տրամադրության տակ։
ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Մայքլ Ռիգասի անունից ուղարկված ծառայողական գրության մեջ ասվում է, որ գերատեսչությունը «շուտով» կսկսի ծանուցել այն աշխատակիցներին, որոնք ենթակա են կրճատման, փոխանցում է Forbes-ը։ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչների վկայությամբ, նման ծանուցումներ սպասվում են արդեն հուլիսի 11-ի առավոտյան, NYT-ի հետ զրույցում նշել են անանուն դիվանագետները։ Կրճատվող աշխատակիցների ստույգ թիվը Ռիգասի հաղորդագրության մեջ չի նշվում։
Ըստ Associated Press-ի, ուրբաթ օրը Պետդեպարտամենտը կրճատում է ավելի քան 1300 աշխատակցի։ Ինչպես անանուն մնալու պայմանով հայտնել է գերատեսչության բարձրաստիճան աշխատակիցը, համապատասխան ծանուցումներ կստանան 1107 պետական ծառայող և 246 դիվանագիտական ծառայության աշխատակից, որոնք առաջադրանքներ են կատարում ԱՄՆ տարածքում։
Անմիջականորեն ԱՄՆ տարածքում աշխատում է Պետդեպարտամենտի շուրջ 18 000 աշխատակից։ Ըստ պետքարտուղար Ռուբիոյի ծրագրի՝ նրանց ավելի քան 15%-ը կկրճատվի, գրում են WP-ն և NYT-ը։ Ինչպես հստակեցնում է վերջինս, ծրագիրը չի նախատեսում ամերիկյան դեսպանատների փակում կամ արտերկրում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների թվաքանակի կրճատում։