ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանգամանորեն քննարկել են ուկրաինական խնդրի կարգավորումը, ինչպես նաև Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ ամփոփելով Կուալա Լումպուրում նրանց հանդիպման արդյունքները:
Ըստ հաղորդագրության՝ զարգացնելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների, այդ թվում՝ հուլիսի 3-ին նրանց վերջին հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները՝ Լավրովը և Ռուբիոն «հանգամանորեն քննարկել են երկկողմ օրակարգի և աշխարհում ստեղծված իրադրության հարցերի ամբողջ սպեկտրի շուրջ դիրքորոշումները»:
«Կայացել է կարծիքների առարկայական և անկեղծ փոխանակում Ուկրաինայի շուրջ կարգավորման, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրադրության, ինչպես նաև մի շարք այլ միջազգային խնդիրների վերաբերյալ», – նշել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում:
«Հաստատվել է կոնֆլիկտային իրադրությունների խաղաղ լուծումների, ռուս-ամերիկյան տնտեսական և հումանիտար համագործակցության, երկու երկրների հասարակությունների միջև անարգել շփումների վերականգնման երկուստեք տրամադրվածությունը, ինչին, մասնավորապես, կարող է նպաստել ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը։ Ընդգծվել է երկկողմ դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության կարգավորմանն ուղղված հետագա աշխատանքի կարևորությունը», – ասել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում։
Նախարարությունում նաև հավելել են, որ «կշարունակվի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ընդլայնվող շրջանակի շուրջ»:
Լավրով-Ռուբիո հանդիպումը տեղի է ունեցել Մալայզիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում: Բանակցությունները տևել են 50 րոպե: