Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Լարիջանիին նշանակել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար: Այս մասին հայտնում է «Nour News» գործակալությունը։
«Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով Ալի Լարիջանին նշանակվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար՝ այդ խորհրդի քարտուղարի կարգավիճակով», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:
Երեք օր առաջ «Fars» գործակալությունը հայտնել էր, որ Լարիջանին շուտով կարող է զբաղեցնել այդ պաշտոնը՝ փոխարինելով Ալի Աքբար Ահմադիանին: Գործակալության տեղեկություններով՝ Ահմադիանը, հավանաբար, կստանձնի «երկրի բարձր մակարդակով կառավարման և համակարգման կարիք ունեցող մի շարք հատուկ ռազմավարական հարցերի պատասխանատվությունը»:
Նշենք, որ ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ ազգային անվտանգության ոլորտում համակարգումը բարձրացնելու համար Իրանում կստեղծվի պաշտպանության նոր խորհուրդ: