Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Սիրիայի դեմ պատժամիջոցների մեղմացման կատարողական հրամանագիր։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տունը։
Հրամանագրում նշվում է, որ նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո, վերջին վեց ամիսների զարգացումների արդյունքում Սիրիան վերափոխվել է նոր կառավարության օրոք՝ նախագահ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորությամբ։
Reuters-ը, վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթին, նշում է, որ միևնույն ժամանակ ուժի մեջ են մնում նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի, նրա համախոհների, մարդու իրավունքները խախտողների, թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվողների, քիմիական զենքի ծրագրի մասնակիցների, Իսլամական պետության հետ կապված խմբերի, ինչպես նաև Իրանի կողմից աջակցվող խմբերի դեմ պատժամիջոցները։
Հրամանագիրը թույլ կտա վերջ դնել միջազգային ֆինանսական համակարգից Սիրիայի մեկուսացմանը, մեղմացնել Դամասկոսի դեմ գործող արտահանման վերահսկողության միջոցառումները։ Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է, որ ԱՄՆ-ն կուսումնասիրի Սիրիայի դեմ պատժամիջոցների մեղմացման հարցը ՄԱԿ-ի մակարդակով։
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ աշ-Շիբանին X սոցիալական հարթակում հայտնել է, որ Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների չեղարկումը «դուռ կբացի երկար սպասված վերակառուցման և զարգացման համար», ինչպես նաև կբացի երկիրը միջազգային համայնքի համար։
Ավելի վաղ ԵՄ-ն ևս հայտարարել էր, որ կվերացնի Սիրիայի դեմ բոլոր տնտեսական պատժամիջոցները՝ օգնելու սիրիացի ժողովրդին վերականգնել երկիրը։
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, որը դեմ է նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած հարկերի կրճատման մասին օրինագծին, սպառնացել է այն հաստատող կոնգրեսականներին։
«Կոնգրեսի յուրաքանչյուր անդամ, որը քարոզարշավ է անցկացրել կառավարության ծախսերի կրճատման օգտին, ապա անմիջապես քվեարկել պատմության մեջ ամենամեծ պարտքի աճի օգտին, պետք է ամոթից գլուխը կախի։ Եվ նրանք կպարտվեն իրենց նախնական ընտրություններում (փրայմերիզ) հաջորդ տարի, եթե դա լինի վերջին բանը, որ ես կանեմ այս Երկրի վրա», – գրել է նա իրեն պատկանող X սոցիալական հարթակում։
Այս գրառումից մի քանի ժամ անց Մասկը հայտարարել է, որ եթե «այս խելագար օրինագիծը հաստատվի, ապա հաջորդ օրը կձևավորվի Ամերիկյան կուսակցությունը»։«Մեր երկրին անհրաժեշտ է այլընտրանք Դեմոկրատական-Հանրապետական ունիկուսակցությանը, որպեսզի մարդիկ իսկապես ձայն ունենան», – հավելել է Իլոն Մասկը։
Ըստ CNN-ի՝ Թրամփին և մյուս հանրապետականներին 2024 թվականի ընտրություններում աջակցելու համար Մասկը ծախսել է ավելի քան 275 միլիոն դոլար։Թրամփը պատասխանել է Մասկին՝ նշելով, որ նա ավելի շատ սուբսիդիաներ է ստանում, քան որևէ այլ մեկը, և առանց դրանց նա ստիպված կլիներ «փակել» իր գործը և վերադառնալ Հարավաֆրիկյան Հանրապետություն։
Թրամփը նաև նշել է, որ Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), որը նրա պաշտոնակալությունից հետո մի քանի ամսով ղեկավարում էր Մասկը, կստուգի միլիարդատիրոջ գործունեությունը։
«Գուցե արժի, որ DOGE-ը լավ և ուշադիր ուսումնասիրի սա», – գրել է Թրամփն իր Truth Social հարթակում։
Մասկը մի քանի շաբաթ է՝ դեմ է արտահայտվում Թրամփի առաջարկած օրինագծին, ինչը երկուսի միջև լուրջ տարաձայնությունների առիթ է դարձել։
Ըստ Կոնգրեսի բյուջետային վարչության՝ հարկերի կրճատման և ծախսերի ավելացման մասին օրինագծի պատճառով առաջիկա տասնամյակում ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կավելանա գրեթե 3,3 տրիլիոն դոլարով։
Ռոսավիացիայի տվյալներով՝ չորս ռուսական օդանավակայաններ դադարեցրել են գործունեությունը։
Նիժնեկամսկի, Սարատովի, Ուլյանովսկի և Կազանի օդանավակայանները ժամանակավորապես չեն ընդունում կամ չեն ուղարկում չվերթներ։
Միջոցառումները ձեռնարկվել են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար դիվանագիտության դռները երբեք չեն փակվի։ Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մինչ բանակցությունները վերսկսելու որոշում կայացնելը, մենք պետք է համոզվենք, որ Վաշինգթոնը կրկին չի շահարկի բանակցությունները՝ ռազմական հարված հասցնելու համար»,- ասել է Արաղչին։ Նրա խոսքով՝ Իրանը կկարողանա արագ վերականգնել միջուկային օբյեկտներին հասցված վնասը, իսկ տեխնոլոգիաներն ու գիտելիքները չեն կարող ոչնչացվել ռմբակոծությամբ։ «Մեր խաղաղ միջուկային ծրագիրը դարձել է արժանապատվության և ազգային հպարտության առարկա։ Մենք անցել ենք մեզ պարտադրված 12-օրյա պատերազմի միջով, ուստի ժողովուրդը հետ չի կանգնի ուրանի հարստացումից»,- հավելել է ԱԳ նախարարը։ |
Ռուսաստանը չի «չեղարկի» ադրբեջանական մշակույթը՝ ի պատասխան Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից երկրում բոլոր ռուսական մշակութային միջոցառումները չեղարկելու որոշման, սակայն կառաջարկի քաղաքացիներին, այդ թվում՝ մշակութային գործիչներին, հաշվի առնել Ադրբեջան մեկնելու բոլոր ռիսկերը, «Ինտերֆաքս»-ին ասել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։
«Իմ տեսանկյունից, դժվար թե ողջամիտ լինի Եկատերինբուրգում ՌԴ քաղաքացիների քրեական անցյալի հետաքննությունը խառնել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև մշակութային ոլորտում միջպետական համագործակցության հետ։ Այն փաստը, որ բարեկամ երկիրը արգելել է ռուս արտիստների, այդ թվում՝ Բաքվում միջազգային միջոցառումներին մասնակցող մանկական խմբերի ելույթները, իմ տեսանկյունից անօրինական քայլ է, որը, առաջին հերթին, աղքատացնում է Ադրբեջանի մշակութային լանդշաֆտը», - ասել է Շվիդկոյը։
«Մեր կողմից, մենք, բնականաբար, կառաջարկենք, որ Ռուսաստանի քաղաքացիները, այդ թվում՝ մշակութային գործիչները, հաշվի առնեն Ադրբեջան մեկնելու բոլոր ռիսկերը, բայց մենք չենք պատրաստվում «չեղարկել» ադրբեջանական մշակույթը Ռուսաստանում», - ընդգծել է Շվիդկոյը։
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հուլիսի 1-ից սկսվում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը։ Միակ օրակարգային հարցն Ազգային ժողովում պետք է լինի Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը։
Եթե դա տեղի չունեցավ, ուրեմն դա պետք է սկսել պատգամավորների «իմպիչմենտ»-ից։
Ոչ մի անմիտ բացատրություն չի կարող հեռու պահել նրանց` իրենց պարտականությունների կատարումից»:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.5 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ:
Իլոն Մասկի կողմից ծախսերի և հարկերի վերաբերյալ օրինագծի հասցեին հնչեցրած քննադատությունների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Պետական արդյունավետության դեպարտամենտին (DOGE), որը նախկինում գլխավորում էր Մասկը, ստուգել ձեռնարկատիրոջ գործունեությունը։
«Առանց հրթիռների, արբանյակների արձակման և էլեկտրական մեքենաների արտադրության մեր երկիրը մի ամբողջ կարողություն կխնայեր։ Գուցե DOGE-ը պետք է ավելի ուշադիր ուսումնասիրի դա», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Մայիսին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատեց Թրամփի նախաձեռնած օրինագիծը, որը նա անվանել էր «միացյալ, մեծ և գեղեցիկ»։ Փաստաթուղթը նախատեսում է դաշնային ծախսերի կրճատում և միաժամանակ մեծածավալ հարկային արտոնություններ է սահմանում։ Կոնգրեսի բյուջետային վարչության հաշվարկներով՝ դա կհանգեցնի ինչպես բյուջետային դեֆիցիտի, այնպես էլ պետական պարտքի ավելացման։
Իլոն Մասկը բազմիցս քննադատել է նախաձեռնությունը՝ նշելով, որ առաջարկվող միջոցառումները կհանգեցնեն բյուջեի դեֆիցիտի մինչև 2.5 տրիլիոն դոլարի աճի և ամերիկացիների վրա չափազանց մեծ պարտքային բեռ կդնեն։
Վերլուծաբանների գնահատականներով`եթե դեմոկրատների և հանրապետականների միջև պետական պարտքի առավելագույն շեմի բարձրացման վերաբերյալ բանակցությունները ձախողվեն, ԱՄՆ–ն կարող է հայտնվել դեֆոլտի եզրին արդեն օգոստոսին։
Վերջին տարիներին փոխառության սահմանաչափի քննարկումը Կոնգրեսում սուր քաղաքական պայքարի առարկա է դարձել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է․
«Մեծարգո պարոն վարչապետ,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։
Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնմանը և խորացմանը։
Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։
Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունն աշխատելու Ձեզ հետ՝ մեր երկու երկրների միջև համագործակցության ողջ ներուժը կյանքի կոչելու ուղղությամբ։
Եվս մեկ անգամ շնորհավորելով ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ անսպառ եռանդ ու քաջառողջություն, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն, խաղաղություն և երջանկություն»։
Շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներին և աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ մանրամասնելով, որ շվեյցարացի պատգամավորների ճեպազրույցն ԱՄՆ Կոնգրեսում կկայանա հուլիսի 8-ին։
Ճեպազրույցին կմասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության նախկին արտգործնախարար և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախագահ Վարդան Օսկանյանը և «Քրիստոնեական համերաշխության» միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները։
Նշվում է, որ տեղի ունենալիք ճեպազրույցի ժամանակ բանախոսները կանդրադառնան «Շվեյցարական խաղաղության նախաձեռնություն Լեռնային Ղարաբաղի համար» նախաձեռնության աշխատանքներին, որը նպատակ ունի ապահովել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը հայրենիք:
Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում 2025 թվականի մայիսի 26-ին իր աշխատանքներն է մեկնարկել «Շվեյցարական խաղաղ նախաձեռնություն հանուն Լեռնային Ղարաբաղի» միջկուսակցական հանձնախումբը, որը բխում է երկրի խորհրդարանի երկու պալատներր ընդունած բանաձևից, ինչը երկրի կառավարությանը մանդատ է տալիս ստեղծել խաղաղության ֆորում՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև միջազգայնորեն միջնորդավորված երկխոսությունը խթանելու համար։