Ռուսաստանի և նրա նախկին մտերիմ դաշնակից Ադրբեջանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են, քանի որ Ադրբեջանը դեմ է Ռուսաստանի գերիշխանությանը Կովկասյան տարածաշրջանում և ձգտում է ավելի սերտ կապերի Թուրքիայի և Իսրայելի հետ։ Դրա մասին գրում է ամերիկյան The Washington Post պարբերականը։
Ռուսաստանի և Ադրբեջանի՝ նավթով հարուստ նախկին խորհրդային հանրապետության միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են միմյանց քաղաքացիների մի շարք ձերբակալություններից հետո, որոնք կարող են խոշոր փոփոխություններ նախանշել այն տարածաշրջանում, որը Մոսկվան մի ժամանակ իր հետնաբակն էր համարում։
Երկու երկրները վաղուց վայելում են սերտ գործընկերություն Կասպից ծովի ափին գտնվող քաղաքականապես զգայուն Հարավային Կովկասի տարածաշրջանում, սակայն մինչ Ռուսաստանը շեղվել է Ուկրաինայի պատերազմով, Ադրբեջանն ավելի համարձակ է դարձել Մոսկվայի գերիշխանությանը մարտահրավեր նետելու հարցում։ Նա միաժամանակ ձգտում է ավելի սերտ դաշինքների Թուրքիայի և Իսրայելի հետ։
Հարաբերությունները սկսել են վատթարանալ դեկտեմբերին՝ ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո։ «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռը, որի մեջ 67 մարդ կար, Բաքվից մեկնում էր Գրոզնի։ Ղազախստանում ուղղությունը փոխելուց հետո ինքնաթիռը կործանվեց, որի հետևանքով զոհվեց 38 մարդ։
Չնայած Ռուսաստանի սկզբնական հերքումներին, տեղեկություններ են հայտնվել, որ ինքնաթիռը խփվել է ռուսական «երկիր-օդ» դասի հրթիռով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջել է, որ Ռուսաստանը ճանաչի իր պատասխանատվությունը և փոխհատուցում վճարի պետությանը և զոհվածների ընտանիքներին։ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած «ողբերգական միջադեպի» համար, սակայն ո՛չ նա, ո՛չ էլ իր կառավարությունը պատասխանատվություն չեն կրել ինքնաթիռի խոցման համար, ինչն էլ ավելի է զայրացրել Բաքվին։
Աղետից մի քանի ամիս առաջ հարաբերությունները, կարծես, լավ էին. Պուտինը գրկախառնություններ էր փոխանակում Ալիևի հետ Ադրբեջան կատարած պետական այցի ժամանակ, ապա նստում էր ոչ պաշտոնական ընթրիքի։
Այս տարի Ալիևն անտեսեց Պուտինին՝ բաց թողնելով մայիսին Ռուսաստանի Հաղթանակի օրվա զորահանդեսը, որը սովորաբար նախկին խորհրդային հանրապետությունների առաջնորդներին է բերում Մոսկվա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը նշելու համար։ Նույն ամսվա վերջին Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան այցելեց Ադրբեջան՝ ազդարարելով Բաքվի և Կիևի միջև ավելի սերտ կապերի մասին։
Մոսկվայի ազդեցությունը թուլանում է այն տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը մի ժամանակ անվիճելի գերիշխող դիրք էր զբաղեցնում։
«Ակնհայտ է, որ [Հայաստանի նկատմամբ] հաղթանակից առաջ և առանց [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ] Էրդողանին թիկունքում պահելու, Ալիևը չէր համարձակվի նման բան անել։ Սակայն դա, կարծես, էական ապտակ է «ռուսական աշխարհին», - կարծում է ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Պաստուխովը։
Նա հավելել է, որ Ուկրաինայում պատերազմը Ռուսաստանին ստիպել է «իր արևելյան և հարավային թիկունքները ենթարկել ցավոտ ապտակների, որոնք ապագայում ավելի հաճախակի կդառնան», գրում է The Washington Post-ը։