Նոր ձևաչափով հերթական ատեստավորմանը հայտագրվել Է շուրջ 5,495 ուսուցիչ
Հուլիսի 09, 2025

Նոր ձևաչափով հերթական ատեստավորմանը հայտագրվել Է շուրջ 5,495 ուսուցիչ

2024 թվականից ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն իրականացվում է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Նոր ընթացակարգով հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել Է շուրջ 5495 ուսուցիչ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նոր փոփոխությանն ու մանրամասներ ներկայացրել:

Նախարարի տեղակալի խոսքով՝ հերթական ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը, որն ի սկզբանե սահմանված էր մինչև հունիսի 10-ը, երկարաձգվել է: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ վերապատրաստումն իրականացվում է 12 մոդուլի հիման վրա, որից մեկն առարկայական գիտելիքի մոդուլն է, իսկ մնացած 11-ը վերաբերում են կրթության կազմակերպման տարբեր ուղղություններին, ինչպես, օրինակ, կրթության ոլորտի օրենսդրության, երեխաների հոգեբանության, դասարանի կառավարման, գնահատման մեթոդների, դասի պլանավորման և այլ թեմաներին: Հայտագրման գործընթացից հետո ուսուցիչները Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տեղադրված հատուկ գործիքի միջոցով յուրաքանչյուր մոդուլի թեմային համապատասխան պատասխանում են հարցերի, ինչի արդյունքում որոշվում է վերջինիս կարիքը՝ վերապատրաստման համար:

«Գնահատման գործընթացն իրականացվում է ինչպես ուսուցչի, այնպես էլ տնօրենի կողմից: Սա հնարավորություն է տալիս բացահայտելու ուսուցչի մասնագիտական զարգացման անհրաժեշտությունը և ուղղությունը՝ ըստ 4 մակարդակի: Արդեն ամփոփվել են տվյալները. հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրված 5495 ուսուցիչներից 540-ն ատեստավորման առաջին մակարդակով է վերապատրաստում անցնելու: Այս խմբում այն ուսուցիչներն են, որոնք առարկայական գիտելիքի դժվարություններ ունեն:

Այս ուսուցիչների թվում են նաև նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած մասնագետները»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվել է նաև երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունների մրցույթ, որն այժմ ամփոփվում է. ներկայացված ծրագրերը ներկայում փորձաքննության փուլում են, որի արդյունքներով կազմակերպությունները կերաշխավորվեն որպես վերապատրաստողներ: Նա նաև տեղեկացրել է՝ առարկայական գիտելիքի իմացության հետ առնչվող վերապատրաստումը, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս իրականացվելու է մանկավարժական բուհերի կողմից:

«Ուսուցիչների հերթական պարտադիր ատեստավորումը մինչև նախորդ տարի միասնական միջինացված մակարդակում է իրականացվել՝ մեկ տեսակի վերապատրաստմամբ, որը գրեթե համադրելի է այսօրվա երկրորդ՝ տիրապետման և ձեռնահասության մակարդակի վերապատրաստմանը: Եթե նախկինում ուսուցիչները ստիպված էին լինում շատ կարճ ժամանակում անցնել 110-ժամյա վերապատրաստում, և դա բավական մեծ բեռ էր ուսուցիչների համար, ապա նոր համակարգով միայն առարկայական գիտելիքի դժվարություն ունեցող ուսուցիչների համար է մեկ տարվա ժամկետ սահմանված: Մյուսների համար սահմանված է 3-5 տարվա ժամկետ. հետևաբար, ուսուցիչներն իրենց մակարդակին համապատասխան վերապատրաստման ժամերը կարող են անցնել 3 կամ 5 տարվա ընթացքում: Ուսուցիչներն ազատ են ավելի հանգիստ տնօրինել իրենց ժամանակը և չունենալ մեծ ծանրաբեռնվածություն ու լարվածություն»,- պարզաբանել է Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ դասընթացներն ուսուցիչների համար անվճար են. դրանք իրականացվելու են պետական բյուջեի միջոցներով:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մոդուլով նախատեսվում է ունենալ կենտրոնացված ստուգումներ. բոլոր ուսուցիչները, որոնք կոնկրետ մոդուլով վերապատրաստում են անցել, նախապես հայտարարված օրը կմասնակցեն թեստային ատեստավորման՝ գրավոր պատասխանելով իրենց մոդուլին վերաբերող հարցերին:

«Տարվա մեջ երկու-երեք վերապատրաստման մասնակցելով՝ ուսուցիչները կարող են հերթով հաղթահարել մոդուլները: Արդյունքները կմուտքագրվեն Կրթության կառավարման տեղեկատվման համակարգ, իսկ տարիների ընթացքում հավաքած կրեդիտների առկայության դեպքում՝ վերջնական փուլում նրանք ավտոմատ կերպով կհամարվեն ատեստավորված: Եթե ուսուցիչը չի կարողանում հաղթահարել տվյալ մոդուլի ատեստավորումը, ապա հաջորդ տարի նույն մոդուլին մասնակցելու հնարավորություն ունի, բայց այդ դեպքում վերապատրաստումն այլևս չի իրականացվի պետության կողմից: Եթե երկրորդ տարում ուսուցիչը դարձյալ չի կարողանում հաղթահարել տվյալ մակարդակի ատեստավորումը, ապա երրորդ տարում պետք է ատեստավորվի մեկ մակարդակով ավելի ցածր»,- ընդգծել է նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանի փոխանցմամբ՝ այժմ փոփոխություններ են իրականացվում տարակարգի շնորհման կարգում, որպեսզի հերթական ատեստավորումը ևս ազդեցություն ունենա ուսուցչի աշխատավարձի վրա: Մասնավորապես՝ եթե ուսուցիչը երկրորդ մակարդակով վերապատրաստում է անցել և ատեստավորվել, ապա համապատասխան մակարդակի տարակարգ կարող է ստանալ, ինչն ուղղակիորեն կազդի նրա աշխատավարձի բարելավման վրա:

Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ նախարարի տեղակալը նշել է` հայտերի ընդունման ժամկետը սեպտեմբերի 1-ն է: Ներկայում ավելի քան 3000 ուսուցիչ է հայտագրվել կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար: Հայտագրվել է նաև ուսուցչի համար օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող, բայց տվյալ պահին չաշխատող 200 անձ:

«Կամավոր ատեստավորումը դարձյալ իրականացվելու է բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար, բայց այս տարի այն կիրականացվի էլեկտրոնային ձևաչափով: Քննական կենտրոնները կտեղակայվեն բուհերում և հագեցած կլինեն համակարգիչներով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ հույս հայտնելով, որ ուսուցիչներն ավելի լավ արդյունքներ կարող են արձանագրել, քանի որ հնարավորություն ունեն խնայելու ժամանակը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դոլարն ու եվրոն էժանացել են. փոխարժեքները հուլիսի 9-ին

Օրբանը պահանջում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հրաժարական տա կոռուպցիայի մեղադրանքների պատճառով

Հեգսեթը Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցրել է՝ Սպիտակ տանը տեղյակ չպահելով

Հեգսեթը Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցրել է՝ Սպիտակ տանը տեղյակ չպահելով

Թուրքիայի կառավարության օրակարգում չկա նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց. ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին. Էրդողան

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ

ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. ԱԳՆ

Երևանի Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Ռուսական բանակը գրավել է Տոլստոյ գյուղը Դոնեցկի տարածքում

ՌԴ-ն Ուկրաինայի վրա է արձակել պատերազմի ընթացքում ամենամեծ թվով՝ 728 ԱԹՍ

Փաշինյանն ու Ալիևը վաղը կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարությունը Ռուբիոն հենց այնպես չի արել. Պետդեպի խոսնակ

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի և Թուրքիայի դեմ

Վերացվել է «Պիցցա Տաշիր»-ի առանձին գործառույթի կասեցումը. ՍԱՏՄ

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Մոսկվան և Պեկինը․ CNN