ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը վստահեցնում է, որ հղի կնոջը չի հրել, այլ պարզապես փորձել է ազատել իր ձեռքը։ Նա այդ մասին ասաց Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով իր մասնակցությամբ տեսանյութը։
Տեսանյութը համացանցում տարածվել էր «ինչպես է Հակոբ Արշակյանը հրում ընդդիմադիր պատգամավորի 7 ամսական հղի օգնականին» վերնագրով։
«Խնդրում եմ որակումներ տալիս առաջնորդվել ճշմարտությամբ, ոչ թե ձեր մեկնաբանությամբ։ Տեսանյութերում ակնհայտ մի կին իմ ձեռքը բռնում է, ես էլ իմ ձեռքն ազատում եմ։ Ես հենց նոր ելույթ էի ունենում և ասացի, որ եթե որևէ կերպ որևէ մեկին ֆիզիկական որևէ միջամտություն եմ արել, որն իմ ձեռքն ազատելու համար էր, ներողություն եմ խնդրում»,- ասաց Արշակյանը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը խորհրդարանի արտահերթ նիստում իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում նախաձեռնելու միջնորդության քննարկման ժամանակ հայտարարեց` ահաբեկչության մասին մեղադրանքները կեղծ են, դրանք քաղաքական հետապնդում են։ Նա նշեց` քանի որ վստահ է՝ անձեռնմխելիության և կալանքի որոշումն արդեն կան, այս թանկ ժամանակը որոշել է գնալ իր կնոջ և 4 անչափահաս երեխաների հետ անցկացնել, եկեղեցի գնալ, այնուհետև` ՀՀ քննչական կոմիտե։
Պատգամավորի ելույթից հետո իրավիճակն Ազգային ժողովում լարվեց, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց։