Մասկի՝ կուսակցություն բացելուց հետո Տեսլայի բաժնետոմսերն անկում են ապրել
Հուլիսի 08, 2025

Մասկի՝ կուսակցություն բացելուց հետո Տեսլայի բաժնետոմսերն անկում են ապրել

By Հուլիսի 08, 2025 17

Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է Symbotic Inc.–ը։ Արդյունաբերական ավտոմատացման և արհեստական բանականության հիման վրա պահեստների ավտոմատացման համակարգեր մշակող ամերիկյան ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում աճել են 28.93%–ով՝ հասնելով 47.91 դոլարի։ Հաջորդը NIKE, Inc.–ն է։ Սպորտային հագուստի և կոշիկի համաշխարհային առաջատարի բաժնետոմսերը մեկ շաբաթում բարձրացել են 22.15%–ով՝ կազմելով 76.39 դոլար։ Եռյակը եզրափակում է First Solar, Inc.–ը՝ 18.89% աճով։ Արեւային էներգիայի ոլորտում գործող ամերիկյան ընկերության բաժնետոմսերի գինը հասել է 185.03 դոլարի։ 

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Centene Corporation–ը։ Առողջապահական ապահովագրություն և պետական ծրագրերի կառավարում իրականացնող ամերիկյան ընկերության բաժնետոմսերը նվազել են 37.82%–ով՝ հասնելով 33.31 դոլարի։ Հաջորդը Molina Healthcare, Inc.–ն է։ Նմանատիպ ծառայություններ մատուցող առողջապահական ընկերության բաժնետոմսերը մեկ շաբաթում նվազել են 17.69%–ով՝ կազմելով 239.58 դոլար։ Եռյակը եզրափակում է Tempus AI, Inc.–ը՝ 10.78% անկումով։ Արհեստական բանականության միջոցով բժշկական տվյալների վերլուծությամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերը հասել են 60.97 դոլարի։ 


Ամերիկյան ֆոնդային շուկան նախորդ շաբաթ փակվել է ռեկորդային բարձր ցուցանիշներով։ S&P 500-ը և Nasdaq-ը հասել են պատմական նոր գագաթնակետերի, Dow Jones-ն էլ մոտ էր ռեկորդային մակարդակին։ Շաբաթվա կտրվածքով S&P 500-ը աճել է 1.7%-ով, Nasdaq-ը՝ 1.6%-ով, Dow Jones-ը՝ 2.3%-ով։ Այս աճին նպաստել է զբաղվածության վերաբերյալ նոր զեկույցը։ ԱՄՆ–ում հունիսին ավելացել է 147,000 աշխատատեղ՝ գերազանցելով սպասելիքները։ 


Ոսկու գինը շարունակում է աճել՝ պայմանավորված ԱՄՆ դոլարի շարունակական թուլացմամբ և անվտանգ ներդրումների նկատմամբ աճող պահանջարկով։ Անցած շաբաթ ոսկու գինն աճել է մոտ 1.9%-ով՝ հասնելով շուրջ $3,336 մեկ ունցիայի դիմաց։ Սա տեղի է ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հարկերի նվազեցման վերաբերյալ օրենքի նախագիծը, ինչը մտահոգություններ է առաջացրել երկրի ֆինանսական կայունության վերաբերյալ։ Ներդրողները նաև զգուշավորություն են դրսեւորում՝ սպասելով, թե ինչ տեղի կունենա հուլիսի 9-ին, երբ լրանում է Թրամփի սահմանած արտոնյալ ժամանակահատվածի վերջնաժամկետը եւ ուժի մեջ են մտնում ներմուծման նոր՝ բարձր մաքսատուրքերը։  


Հուլիսի 2-ին ավարտված շաբաթվա ընթացքում $31.6 միլիարդ է ներդրվել ԱՄՆ-ի բաժնետոմսերի ֆոնդերում, ինչն ամենամեծ շաբաթական ներհոսքն է 2024-ի նոյեմբերից վեր։ Դրա մեծ մասն ուղղվել է խոշոր ընկերությունների բաժնետոմսերին, ինչը պայմանավորված է արհեստական բանականության ոլորտում գործող հսկաների՝ Micron–ի, Nvidia–ի և AMD-ի աճով և այդ ոլորտի հանդեպ եղած լավատեսությամբ։ Պարտատոմսերի ֆոնդերն ունեցել են $6.66 միլիարդի ներհոսք, որի «առյուծի բաժինը» կարճաժամկետ եւ միջնաժամկետ բարձր վարկանիշ ունեցող կորպորատիվ պարտատոմսերի ֆոնդերինն է։ Իսկ պետական պարտատոմսերի ֆոնդերից դուրս է բերվել են $2.11 միլիարդ։ Դրամական ֆոնդերը ներգրավել են $57.98 միլիարդ՝ ամենաբարձր ցուցանիշը վերջին չորս շաբաթվա ընթացքում։ Սա նույնպես ներդրողների զգուշավորության ցուցիչ է։ 


Тesla-ի բաժնետոմսերը գրեթե 7% անկում են գրանցել երկուշաբթի օրվա նախաբորսայական աճուրդի ժամանակ։ Պատճառը ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկի հայտարարությունն է քաղաքական նոր՝ America Party անունով կուսակցություն ստեղծելու մասին։ Սա մտահոգություն է առաջացրել ներդրողների շրջանում, որ քաղաքականությունը կշեղի Մասկի ուշադրությունը ընկերության կառավարման հարցերից։ Ներդրողներին նաեւ մտահոգում է, որ ընկերությունը կարող է տուժել Թրամփի եւ Մասկի միջեւ լարվածությունից։ ԱՄՆ նախագահն արդեն սպառնացել է դադարեցնել Tesla-ի պետական պայմանագրերը։ 


Անցած շաբաթ չիպերի նախագծման ծրագրային ապահովման Synopsys և Cadence ընկերությունների բաժնետոմսերը աճել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հանել է Չինաստանում այս ընկերությունների արտադրանքի վաճառքի սահմանափակումները։ Մայիսին ներդրված սահմանափակումները էական վնաս էին հասցրել ընկերություններին, քանի որ Չինաստանը նրանց համար շատ կարևոր շուկա է։ Սահմանափակումների հանվելուց հետո Synopsys-ի բաժնետոմսերն աճել են 5.5%-ով, Cadence-ինը՝ 6.1%-ով։ 


Հուլիսի 3-ին Nvidia–ի շուկայական արժեքը կարճ ժամանակով հասել է $3.92 տրիլիոնի, ինչն այն դիրքավորում է որպես հավանական ամենաթանկարժեք ընկերությունը պատմության մեջ։ Սա գրեթե գերազանցում է Apple-ի ռեկորդը՝ $3.915 տրիլիոն, որը սահմանվել էր 2024 թվականի դեկտեմբերին։ Nvidia-ի արժեքի կտրուկ աճը պայմանավորված է արհեստական բանականության  չիպերի նկատմամբ մեծ պահանջարկով։ Դրանք օգտագործվում են հսկայական ԱԲ համակարգեր կառուցելու համար, որոնք ստեղծում են Microsoft-ի, Amazon-ի, Meta-ի, Alphabet-ի և Tesla-ի նման ընկերությունները։ Օրվա ընթացքում Nvidia-ի բաժնետոմսերն աճել են մինչև 2.4%, սակայն օրվա վերջում մի փոքր նվազել են՝ այդպես էլ չանցնելով Apple-ի ռեկորդը։ Վերջին չորս տարվա ընթացքում Nvidia-ի շուկայական արժեքը աճել է գրեթե ութ անգամ՝ 2021-ի $500 միլիարդից մինչև գրեթե $4 տրիլիոն այսօր։ Այժմ ընկերությունը արժե ավելի շատ, քան Միացյալ Թագավորության բոլոր ցուցակված ընկերությունները միասին։ 


ԱՄՆ-ում հրապարակվել են հունիս ամսվա զբաղվածության տվյալները, որոնք առաջին հայացքից, դրական են թվում․ ստեղծվել է սպասվածից ավելի՝ 147,000 նոր աշխատատեղ, իսկ գործազրկության մակարդակը նվազել է՝ 4.2%-ից հասնելով 4.1%-ի։ Սակայն խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխատաշուկան սկսում է կորցնել իր կայունությունը։ Աշխատատեղերի գրեթե կեսը ստեղծվել է պետական հատվածում, մինչդեռ մասնավոր հատվածում աշխատատեղերի աճը ամենացածրն է եղել վերջին ութ ամսում։ Բիզնեսները կրճատել են աշխատաժամերը և դանդաղեցրել նոր աշխատողների ընդունումը։ Տնտեսագետները զգուշացնում են, որ այս թուլացումը կապված է նախագահ Թրամփի առևտրային սահմանափակումների, մաքսատուրքերի, պետական ծախսերի կրճատման և արտաքսումների քաղաքականության հետ, ինչը ստիպում է գործատուներին խուսափել նոր աշխատողների ընդունումից։ 


Մայիսին ԱՄՆ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը աճել է 18.7%-ով՝ հասնելով $71.5 միլիարդի, քանի որ արտահանումը զգալիորեն նվազել է, իսկ ներմուծումը մնացել է գրեթե անփոփոխ։ Արտահանումը նվազել է 4%-ով՝ հասնելով $279 միլիարդի։ Ներմուծումը նվազել է ընդամենը 0.1%-ով՝ կազմելով $350.5 միլիարդ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ