«Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու իրավունքը ոտնահարվել է թե՛ խորհրդային, և թե՛ անկախ Ադրբեջանի կողմից»
Հուլիսի 08, 2025

«Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու իրավունքը ոտնահարվել է թե՛ խորհրդային, և թե՛ անկախ Ադրբեջանի կողմից»

By Հուլիսի 07, 2025 22

«Սեփական հայրենիքից բռնի կերպով օտարված ապրելը սպառնում է մի ամբողջ ժողովրդի էթնիկ շարունակականությանը։ Այս վտանգավոր գործընթացը պետք է դիտարկվի Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության համատեքստում ՝ նպատակ ունենալով ֆիզիկապես բնաջնջումից զատ խափանել հայ ժողովրդի ինքնությունը, կասեցնել վերստեղծումը»,- նշված է ԼՂ փախստականների իրավապաշտպան միության հայտարարության մեջ, որը տարածվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմավորման օրվա առիթով։ 

Այսօր՝ հուլիսի 7-ին, լրանում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմավորման 102-րդ տարին։ 1923 թ. հուլիսի 7-ին է կազմավորվել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ)՝ Ադրբեջանական Խորհուրդների Կենտրոնական Գործադիր Կոմիտեի դեկրետով։ ԼՂԻՄ-ի ինքնավար մարզի կառավարման մարմիններն էին մարզային գործադիր կոմիտեն և տեղական խորհուրդները։ Դեկրետը սահմանում էր, որ մինչև մարզային գործադիր կոմիտեի կազմումը պետք է ստեղծվի ժամանակավոր կոմիտե, որի պարտականություն էր երկու ամսվա ընթացքում խորհուրդների համագումար հրավիրելը՝ մշտական գործադիր մարմին ընդունելու նպատակով։ 

Համաձայն որոշման՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կանոնադրությունը մշակելու, ինչպես նաև մարզին վարչական միավորումներ տալու և ինքնավար մարզի սահմանները որոշելու համար պետք է ստեղծվեր հանձնաժողով, որը պարտավորվում էր իր գործառույթները կատարել մինչև 1923 թ․ օգոստոսի 15-ը։ Հարկ է նշել, որ հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Լեռնային Ղարաբաղի, Դաշտային Ղարաբաղի, Քուրդստանի և Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ներկայացուցիչները։ 

«Խիստ կարևոր է ընդգծել, որ ԼՂԻՄ կազմավորման դեկրետում հստակ մատնանշված էր, որ բոլոր արոտատեղիները, անտառները, այգիները, հողի ու ջրի փաստացի տիրապետումը պահպանվում էր տերերի (այսինքն՝ հայ ժողովրդի) կողմից։ 

Կոմիտեի որոշումը ստորագրել է Ադրկենտգործկոմի նախագահի տեղակալ՝ Մ. Բ. Կասումովը։

Հարկ է ընդգծել, որ դեկրետով ամբողջ Լեռնային Ղարաբաղին մարզային ինքնավարություն չտրվեց․ ինքնավարությունը ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի միայն մի հատվածի վրա։ Լեռնային Ղարաբաղը որպես ինքնավար մարզ առանձնացնելու և նրա տարածքն ու վարչական սահմանները որոշելու աշխատանքներին զուգահեռ ընթանում էին նաև ԼՂԻՄ-ի Սահմանադրության ստեղծման աշխատանքները։ Սահմանադրության նախագիծը հաստատվեց Ադրբեջանի Կենտրոնական կոմիտեի՝ 1924 թ․ հուլիսի 3-ի նիստում։ 

Ինքնավար Լեռնային Ղարաբաղի Շրջանի Սահմանադրությունը հանդիսացավ առաջին պաշտոնական փաստաթուղթը, որում նշված էին մարզի տարածքը և բնակավայրերը։ Սակայն, հետագա տարիներին, Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար բարձրացված սահմանային նոր ու արհեստածին խնդիրների քողի ներքո ինչպես բուն ԼՂԻՄ-ից (Վերին Խաչեն-Քարվաճառը, Գյուլիստանի հյուսիսային մասը՝ Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը, Դիզակի մի մասը՝ Ջաբրայիլը), այնպես էլ Հյուսիսային Արցախի և Գարդմանի հայաբնակ շրջաններից նորանոր տարածքներ էին օտարվում և բռնյուրացված գյուղերը կցվում հարևան շրջաններին։ 

ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի պլենումի 1921 թ․ հուլիսի 5-ի որոշման տրամաբանությամբ Լեռնային Ղարաբաղի ինքնավարության տարածքը պետք է կազմեր շուրջ 8000 քառ․ կմ։ Սակայն, ի խախտումն այդ որոշման, ԼՂԻՄ-ը 1923-1924 թթ կազմավորվեց միայն Լեռնային Ղարաբաղի մի մասում՝ մոտ 50000 քառ․ կմ տարածքով։ Հետագա տարիներին Ադրբեջանի իշխանությունները ԼՂԻՄ-ից տարանջատեցին շուրջ 600 քառ․ կմ ևս՝ մարզին թողնելով ընդամենը 4400 քառ․ կմ տարածք։ 

Հարկ է նշել, որ թեև տարածքային զգալի կորուստներին՝ ԼՂԻՄ-ի ինքնավարության կարգավիճակի շնորհիվ խորհրդային տարիներին հայ ժողովրդին հաջողվեց դիմակայել Ադրբեջանի սադրանքներին և ազգային խտրականության քաղաքականությանը։ Լեռնային Ղարաբաղը չհայաթափվեց, բայց ինքնավարությունն էլ մնաց թղթի վրա․հայերին ուղղակիորեն դուրս էին մղում ինքնավար կոչվող մարզից, ինքնավար՝ հենց Խորհրդային Միության սահմանադրությամբ, որը պետք է ենթադրեր հենց հայերի ինքնավարություն։ 

Բայց, արցախահայության՝ իր ինքնորոշման անբեկանելի իրավունքի իրացման օրինական պահանջներին, իրենց գոյությունն ու տարածաշրջանի բուն քրիստոնեական անցյալը պահպանելու պայքարին ի պատասխան, Ադրբեջանի իշխանությունները շարունակաբար իրականացրել են հայության դեմ ուղղված բռնաճնշումներ՝ ներառյալ զանգվածային ջարդեր Սումգայիթում, Բաքվում, Ադրբեջանի ԽՍՀ այլ բնակավայրերում, Հյուսիսային Արցախի գյուղերում և այլն։ 

Այս համատեքստում, պատմական փաստերն ապացուցում են, որ Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը հետևողականորեն ոտնահարվել է թե՛ խորհրդային, և թե՛ անկախ Ադրբեջանի կողմից։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը վերահաստատում է իր հանձնառությունը՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնորոշման, սեփական հայրենիքում՝ անվտանգ, արժանապատիվ և անկախ ապրելու հիմնարար իրավունքը, ինչպես նաև պահպանելու նրանց ինքնությունն ու օրինական տեղը տարածաշրջանի պատմական, մշակութային և քաղաքակրթական հարթություններում։ 

Սեփական հայրենիքից բռնի կերպով օտարված ապրելը սպառնում է մի ամբողջ ժողովրդի էթնիկ շարունակականությանը։ Այս վտանգավոր գործընթացը պետք է դիտարկվի Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության համատեքստում ՝ նպատակ ունենալով ֆիզիկապես բնաջնջումից զատ խափանել հայ ժողովրդի ինքնությունը, կասեցնել վերստեղծումը։ 

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը նպաստել բռնի տեղահանված հայ բնակչության կամավոր, արժանապատիվ և անվտանգ վերադարձին, ներառյալ միջազգային երաշխիքների ստեղծումը՝ տեղում նրանց իրավունքների լիարժեք իրացման համար»,- նշված է հայտարարության մեջ։

 
Rate this item
(0 votes)

Լրահոս