Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«Այսօր՝ 03.07.2025թ., Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները հատուկ վերանայման բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` կալանք կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի 28.06.2025թ. որոշման դեմ»: Այս մասին հայտարարություն է տարածել Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը։
«Առաջին ատյանի դատարանի որոշումը հանձնվել էր պաշտպաններին 01.07.2025թ.»,–նշվում է հայտարարության մեջ:
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացվող “TRICOLOR” Yerevan Night Run վազքերի ընթացքում քաղաքի մի շարք հատվածներում կդադարեցվի երթևեկությունը: Նախաձեռնությունը նվիրված է ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության օրվան։
Մասնավորապես փակ կլինեն.
Հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը:
Ժամը 21:50-ից կդադարեցվի Հանրապետության հրապարակում, Հանրապետության հրապարակից Նալբանդյան փողոցում մինչև Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցի՝ Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, Պուշկինի փողոցից Աբովյան փողոց, Աբովյան փողոցի՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության Հրապարակ հատվածների երթևեկությունը:
Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 23:45-ին:
Հուլիսի 5-ին՝ ժամը 09:00-ից կդադարեցվի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցի հատվածից Վազգեն Սարգսյան փողոց հատվածի երթևեկությունը, որտեղից էլ տրվելու է վազքի մեկնարկը:
Ժամը 10:00-ից մասնակիորեն կդադարեցվի Հանրապետության հրապարակի և ամբողջությամբ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը:
Վերը նշված երթուղով վազքը կավարտվի ժամը 11:30-ին:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՆԳ նախարարության մի շարք օրենսդրական նախաձեռնություններ։
✔️ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, ներկայացնելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ այն ընդունելու արդյունքում վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը կարող են լինել նաև թվային տարբերակով՝ թվային տվյալների բազայում:
Ըստ նախագծի՝ պարեկային ծառայողի կողմից վարորդին նույնականացնելու և նրա վարորդական վկայական ունենալու փաստը հաստատելու դեպքում անձի նկատմամբ չի կիրառվի առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված տույժը։
Առաջարկվում է սահմանել ևս մեկ կարգավորում․ քաղաքացին վճարի դիմաց կարող է ստանալ արագացված ծառայություններ։ Մասնավորապես՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար, վճարելով 30.000-45.000 դրամի սահմաններում պետական տուրք, վարորդի թեկնածուն կարող է ընտրել քննությունը հանձնելու իր նախընտրած օրը։
Օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից:
✔️ՆԳՆ օրենսդրական մեկ այլ նախաձեռնությամբ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության պետական ռեգիստրում ներառման ենթակա տվյալները, և պետական մյուս մարմիններն իրենց գործառույթների իրականացման համար կօգտվեն բնակչության պետական ռեգիստրից:
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի խոսքով՝ ներկայումս բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է տարբեր տեղեկատվական համակարգերում՝ պայմանավորված այս կամ այն մարմինների խնդիրների իրականացմամբ։ Ըստ նրա՝ նոր օրենքի ընդունումը հնարավորություն կտա` ապահովել պետական կառավարման համար ռեսուրսների ճիշտ պլանավորում, որակյալ ծառայությունների մատուցում, անձանց իրավունքների պաշտպանություն, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու և անձի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացում:
✔️Ընդունվել է նաև ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ներկայացրած՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է հանել ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը:
Նախարարի տեղակալի ներկայացմամբ՝ նախագծով հնարավորություն է տրվում նաև ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողին ատեստավորվել ոչ թե պաշտոնի նշանակվելուց վեց ամիս, այլ՝ երկու ամիս անց:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է օպերատիվ կերպով լուծել Համայնքային ոստիկանությունն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերով համալրելու խնդիրը, լավարկել ոստիկանությունում ծառայության անցնելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացները: Բացի այդ, ընդլայնվում են նաև սահմանային տարիքը լրանալուց հետո ոստիկանությունում ծառայությունը երկարաձգելու հնարավորությունները։
✔️ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ներկայացրած՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում նույն արարքի կատարումը նախատեսել որպես հանցագործություն: Առաջարկվում է որոշ սանկցիաների մասով խստացնել քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված արարքների համար պատասխանատվությունը:
Օրենքը կլավարկի տրանսպորտային միջոցի վարորդի բացակայության դեպքում տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու պարագայում վարորդին իրազեկելու գործիքակազմը, կհստակեցվի ոստիկանության կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նույնականացման իրավունքը:
Նախատեսվում է նաեւ արգելել 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը, նշված անձանց այդ առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքի մեջ ներգրավելը, ինչպես նաև տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց կողմից դրանք կրելը։
Փաշինյանը իր գործողություններով նպաստում է ընդդիմադիր ուժերի միաբանմանը։ Մեր քաղաքական գիտակցության մեջ միտումնավոր արմատավորել են դոգմա, թե ամեն ինչ կախված է մեկ խարիզմատիկ կերպարից. շուտով կտեսնեք հավաքական լիդերությամբ միավոր։
Եթե մենք ընտրենք անպայման ինչ-որ մի լիդերի շուրջը համախմբվելու գաղափարը, ապա դա ձախողելու ամենակարճ ճանապարհն է դառնալու։ Շարժումը պետք է ղեկավարի կոլեկտիվ առաջնորդը, իսկ թե հետագայում ով կստանձնի, օրինակ, վարչապետի դերը, ցույց կտա կյանքը, պայքարը, aysor.am-ի՝ «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Այս ձեռնարկումը նշանակելու է նոր իրավիճակ, երբ, օրինակ, տասնմեկ մարդ, վայելելով հանրության վստահությունը, կղեկավարի շարժումը։ Ամեն օր այդ մարդիկ կկայացնեն ստրատեգիական որոշումներ, պետք է կազմակերպեն բազմահազարանոց հանրահավաքներ, բանակցեն։ Այդ ընթացքում բնականորեն առաջ կգան լիդերներ։ Շարժման հավաքական առաջնորդության կազմի հարցում մենք արդեն բանակցություններ ենք վարում, բոլորս միասին մեր առջև վերջնաժամկետներ ենք դրել։
Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքական պայքարի բոլոր ձևորը կիրառվելու են, երկրի կառավարումը ստանձնելու է լիովին կայացած համակարգ, մարդիկ պետք է տեսնեն ձևավորված այլընտրանքը»։
2020-21 թվականներին Կտրիճ Ներսիսյանը հանդես եկավ իշխանությունների հրաժարականի կոչով։ Դրանից հետո տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը միջազգային հանրության կողմից գնահատվեց որպես ազատ, ժողովրդավարական, մրցակցային, ժողովուրդը վստահության քվե տվեց կառավարող թիմին։
«Սա նաև նշանակում էր ժողովրդի անվստահություն Վեհարանը զբաղեցրածների նկատմամբ։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2025 թվականի հունիսին Մայր Տաճարի զանգերը հնչեցվեցին հավաքվելու կոչով։ Ներկա հոգևորականների և հավաքված քաղաքացիների թիվը չի գերազանցել 1,500-ը։ Եվս մեկ փաստարկ, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է րոպե առաջ ազատի Վեհարանը։ Այլտարբերակ չկա»,- գրել է նա:
Հայաստանում հուլիսի 1-ից տրանսպորտային միջոցների տեխզննման համար գույքահարկ վճարելու պարտավորությունները հանվել են։ Այս մասին հուլիսի 3-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց Տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով՝ օրենսդրության համապատասխան փոփոխություններն առաջարկվել են անցյալ տարվա վերջին։
«Նախկինում, երբ մարդիկ իրենց մեքենան տանում էին տեխնիկական զննման, նրանք պարտավոր էին մարել գույքահարկի պարտքը։ Եվ ոչ միայն նախորդ տարվա պարտքը, այլև ընթացիկ տարվա ամբողջ գույքահարկը։ Սակայն հետագայում օրենքը փոփոխվել է, որի համաձայն քաղաքացիներին հնարավորություն է տրվել վճարել միայն կուտակված պարտքը և անմիջապես անցնել տեխնիկական զննում։ Այսօր մեքենայի տեխնիկական զննում անցնելու համար ընթացիկ տարվա գույքահարկ վճարելու պարտավորություններ չկան», - բացատրեց Թունյանը։
Բանակցություններ Դուբայու՞մ. Խաղաղությո՞ւն, թե՞ հերթական խաբկանք։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով հուլիսի վերջին Փաշինյան-Ալիև հանդիպման մասին տեղեկություններին։
Նա, մասնավորապես, նշել է. «Middle East Eye-ի տվյալներով՝ Փաշինյանը և Ալիևը պլանավորում են նոր հանդիպում՝ հուլիսի վերջին Դուբայում։ Ըստ աղբյուրի՝ նպատակն իբրև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների շարունակությունն է, որի նախագիծը համաձայնեցվել էր դեռևս մարտին։ Սակայն, այդ ժամանակից ի վեր Բաքուն շարունակում է ընդլայնել մեր երկրի նկատմամբ առաջադրվող պահանջների ցանկը։
2020թ. և 2023թ. դավադիր պատերազմներից հետո, իրեն հաղթող համարող Ադրբեջանը, (ենթադրվում է, որ Թուրքիայի հետ համաձայնեցված) անընդհատ պայմաններ է առաջ քաշում՝ փոխել Հայաստանի սահմանադրությունը, դադարեցնել Եվրոպական դիտորդների գործունեությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ապահովել ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան, զսպել Հայ Առաքելական եկեղեցուն և Հայաստանի ազգային ուժերին՝ բացառելով ռևանշը, ընդմիշտ մոռանալ Արցախ վերադարձը, չխոսել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, փակել Մեծամորի ատոմակայանը, Սյունիքում տրամադրել ՀՀ կողմից չվերահսկվող միջանցք-ճանապարհ, դուրս բերել երրորդ երկրների ռազմական ներկայությունը և այլն։
Յուրաքանչյուր նոր պահանջ հետաձգում է համաձայնագրի ստորագրումը և «խաղաղության գործընթացը» վերածում է Հայաստանի վրա միակողմանի ճնշման գործիքի։
Այս ֆոնին Դուբայում կայանալիք հանդիպումն ավելի շատ դատարկ երկխոսության իմիտացիա է լինելու։ Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են և դրանից առաջ սահմանադրական հանրաքվեի անցկացումը գործնականում անհնար է։ Բոլորը հասկանում են, որ Նիկոլն ուղղակի կտապալվի և ժողովուրդը կմերժի այդ խայտառակության մասին այդ հանրաքվեն: Սա Բաքվին առիթ է տալիս մեծացնել պահանջները՝ գիտակցելով, որ Նիկոլը հայ ժողովրդի հետ լրջացող պրոպլեմներ ունի և չի կարող արագ արձագանքել։
Նախատեսված հանդիպումը կարծում եմ ոչ թե առաջընթաց է, այլ դիվանագիտական ուղիները պաշտոնապես բաց պահելու ազդանշան: Քանի դեռ Ադրբեջանն է թելադրում պայմանները, իսկ Փաշինյանը՝ ներքին անկայունության և իշխանությունն ամեն գնով պահելու պայքարի մեջ է՝ «խաղաղության համաձայնագրի» մասին դժվար է խոսել:
Խաղաղություն և կայունություն կարող է լինել միայն իշխանափոխությունից հետո: Դեռ մեկ տարի առաջ եմ ասել, որ Նիկոլն ինչ էլ անի՝ Բաքուն նրան խաղաղության թղթի կտոր չի տալու: Թեկուզև ողջ հայ ընդդիմադիր դաշտին դատի, բռնությունների ալիքներ կիրառի, գործարարներ, եկեղեցականներ, հասարակական ակտիվիստներ և այլ մարդկաց հետապնդի, վախի մթնոլորտ ստեղծի՝ միևնույն է թուրք-ադրբեջանական տանդեմը ցույց է տալու, որ չի վստահում Նիկոլի լեգիտիմությանը և չի ցանկանում նրա հետ որևէ լուրջ բան ստորագրել:
Իսկ Նիկոլը չի հասկանում, որ որքան ուժեղացնում է ընդդիմության դեմ բռնաճնշումները, որքան շատ է հարվածում տարբեր աղդեցիկ հայ մարդկանց, այնքան թուլացնում է Հայաստանի դիրքերը խաղաղության հարցում:
Բոլորը տեսնում են, որ հանուն իր իշխանության՝ Փաշինյանը սիստեմատիկերեն քայքայում է Հայաստանը ներսից: Հարվածում է տնտեսությանը, Եկեղեցուն և այլ ազգային կուռույցներին, գժտվում է սփյուռքի հետ, չորով փակում է Արցախի հարցը, տրորում է ներհասարակական բարոյական սկզբունքները, պարբերաբար խնդիրներ է ստեղծում դաշնակից և բարեկամ երկրների հետ...
Այս ամենը տեսնելով, Թուրքիայի և Ադրբեջանի համար Փաշինյանի շարունակում է նմալ նախընտրելի կատարալու: Եվ նրանք ամեն կերպ օգտագործելու են գործող կառավարիչներին՝ առավելագույնը ստանալու և խաղաղության անվան տակ ողջ Հարավային Կովկասում և հատկապես Հայաստանում թուրքական լիակատար ազդեցություն հաստատելու համար:
Իշխանափոխությունը՝ Հայաստանի ինքնիշխան պետականությունը պահպանելու, իրական խաղաղության հասնելու և հայի տեսակը պահելու միակ ճանապարհն է: Իմփիչմենտը՝ իշխանափոխության կարճ, լեգիտիմ, հանրությանը համախմբող և անցնցում տարբերակը:
Իմփիչմենտն այս պահին իրատեսական է, թե ոչ՝ քննարկելի հարց է: Բայց որ իշխանափոխության համար իմփիչմենտն այլընտրանք չունի և չի ունենալու նաև 2026թ.՝ դառնում է ավելի ու ավելի տեսանելի»։
Համաձայն Հայաստանում Իրանի դեսպանի նախնական հայտարարությունների՝ երկրի իշխանություններին տրամադրվել է տեղեկատվություն, որը վկայում է որոշ անօդաչու թռչող սարքերի՝ Իրան ներթափանցման հնարավորության մասին՝ հյուսիսային հարևանի տարածքից: Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները:
Այս տեղեկատվությունը բավարար էր, որպեսզի Իլհամ Ալիևի հետ անմիջական կապի մեջ գտնվող Իրանի նախագահը պահանջեր մանրակրկիտ հետաքննություն և պաշտոնական զեկույց այս հարցի վերաբերյալ: Սակայն Բաքվի պաշտոնական պատասխանը լիակատար հերքում էր այդ մեղադրանքները:
Այնուամենայնիվ, թվում է, թե այս դիրքորոշումը չէր կարող մեղմել Իրանի իշխանությունների բոլոր մտահոգությունները, քանի որ ինչպես դաշտային տվյալները, այնպես էլ Բաքվի և Թել Ավիվի միջև հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված դիվանագիտական միտումները վկայում են խորը և ռազմավարական կապի մասին, որը չի կարելի անտեսել այս իրադարձությունը վերլուծելիս:
Նախ, Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան պաշտոնական բացումը, որը տեղի ունեցավ երեք տասնամյակ անց և անմիջապես լրացվեց Իսրայելի դեսպանատան բացմամբ Աշգաբադում՝ Իրանի արևելյան սահմաններից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Այս դիվանագիտական քայլերը Թել Ավիվի՝ Իրանի սահմանների մոտ միջտարածաշրջանային համակարգման հստակ նշան են:
Վերջին տասնամյակի ընթացքում Թել Ավիվը ձգտել է հաստատվել որպես Ադրբեջանի ռազմական, հետախուզական և տնտեսական գործընկեր։ Այս համագործակցությունը գագաթնակետին հասավ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում, որտեղ իսրայելական անօդաչու թռչող սարքերը կարևոր դեր խաղացին Բաքվի հաղթանակում։
Մյուս կողմից, երկու կազմավորումների միջև տնտեսական փոխկախվածությունը նույնպես նշանակալի է։ Ադրբեջանը Իսրայելի հիմնական էներգամատակարարներից մեկն է, և, իր հերթին, այն Թել Ավիվից առաջադեմ ռազմական սարքավորումների և հսկողության տեխնոլոգիաների ամենամեծ ստացողներից մեկն է։
Այս համատեքստում, եթե սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի վրա հարձակվելու համար ադրբեջանական տարածքի հետախուզական կամ օպերատիվ օգտագործման վարկածը հաստատվի, նույնիսկ անուղղակիորեն, ապա Թեհրանը ստիպված կլինի վերանայել իր հյուսիսային սահմաններում անվտանգության միջոցառումները և վերանայել Բաքվի հետ իր հարաբերությունների ապագան։
Կասկած չկա, որ այս ճանապարհով շարունակելը չի լինի առանց կորուստների Ադրբեջանի համար։ Վերջապես, պետք է ընդգծել, որ եթե Բաքվի դերը սիոնիստական ռեժիմի ագրեսիայում ապացուցվի, Թեհրանը ստիպված կլինի մեկընդմիշտ պարզաբանել իր հարաբերությունները Բաքվի հետ։
ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Դոնալդ Թրամփի առաջին գործադիր հրամանագրերից մեկը, որը նպատակ է ունեցել խստացնել միգրացիոն քաղաքականությունը: Երդմնակալության օրը ստորագրված փաստաթուղթն արգելել է ապաստան խնդրողներին հատել Մեքսիկայի սահմանը: Դատավոր Ռանդոլֆ Մոսը որոշել է, որ «նախագահը գերազանցել է իր լիազորությունները»:
Մոսը 128 էջից բաղկացած որոշման մեջ նշել է, որ ոչ կացության օրենքը, ոչ էլ ԱՄՆ Սահմանադրությունը թույլ չեն տալիս պետության ղեկավարին չեղյալ հայտարարել առկա ապաստան տրամադրելու ընթացակարգերը, հայտնում է Bild-ը։ Դատավորը որոշել է, որ նույնիսկ անօրինական ներգաղթի հետ կապված «լուրջ մարտահրավերների» առկայության դեպքում՝ Թրամփը չի կարող անտեսել օրենքները:
Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել երկրի հարավային սահմանին և նշել, որ ԱՄՆ-ն «բախվում է ներխուժման»: Նրա հրամանագրով չեղարկվել է Մեքսիկայի միջոցով երկիր մուտք գործող յուրաքանչյուր անձի պաշտպանության համար դիմելու հնարավորությունը: Սպիտակ տունն արդեն խոստացել է բողոքարկել դատարանի որոշումը:
«Շրջանային դատավորն իրավասու չէ խոչընդոտելու նախագահ Թրամփին և ԱՄՆ-ին՝ պաշտպանելու մեր սահմանը այն օտարերկրացիների հոսքից, որոնք փորձում են անօրինաբար ներթափանցել երկիր», — հայտարարել է Թրամփի վարչակազմի մամուլի քարտուղար Էբիգեյլ Ջեքսոնը։
Հայաստանի որոշ շրջաններում հուլիսի 4-ի գիշերը և կեսօրին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, հնարավոր է կարկուտ։
Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպների ժամանակ հյուսիսարևմտյան քամիները որոշ տեղերում կուժեղանան մինչև 19-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, բայց շաբաթ օրը կնվազի նույնքանով։
Գիշերը և երեկոյան ժամերին Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, ամպրոպների ժամանակ քամու արագությունը կաճի մինչև 17-21 մ/վրկ, իսկ երեկոյան՝ մինչև 15-18 մ/վրկ։ Մայրաքաղաքում այսօր գիշեր ջերմաստիճանը կլինի +14+16, իսկ վաղը կեսօրին՝ +26+28։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակ՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +16+20,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+19,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +22+25,
Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+19,
Լոռի՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +15+19,
Տավուշ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +17+20,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +15+18,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +22+26,
Արարարատ՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +27+30,
Արմավիր՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +27+30,
Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +16+20,
Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+30,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +22+26,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +16+20: