Ի՞նչ է լինելու ահաբեկչական ակտի կազմակերպման մասին խոսակցություններին մասնակցած այլ անձանց հետ՝ Իշխան Սաղաթելյան, Գառնիկ Դանիելյան և այլն։ Այս մասին ԱԺ-ում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու և կալանավորելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը քննարկելիս, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Վարդապետյանի խոսքով՝ կան նաև այլ անձինք, որոնց վերաբերյալ կատարվում են ստուգողական և քննչական գործողություններ։
«Որոշակի փաստական տվյալներ ունենալուց հետո դատախազությունը կդիմի ԱԺ-ին, քանի որ մեզ անհրաժեշտ է՝ ԱԺ-ին ներկայացնելու համար, հիմնավոր կասկածից վեր չափանիշով փաստարկված տվյալներ։ Մենք փուլ առ փուլ, ում մասով վստահ ենք, որ այդ շեմը հաղթահարված է, ներկայացնում ենք ԱԺ»,-նշեց Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ Արթուր Սարգսյանի մասնակցությունը եղել է ակտիվ, և միայն մի քանի օրում հնարավոր է եղել բավարար ապացույցներ կուտակել՝ Ազգային ժողով դիմելու համար։
«Արդեն ասացի, որ այս պահին դատախազությունում դեռևս պատրաստված միջնորդագիր չկա Գառնիկ Դանիելյանի մասով։ Սակայն եթե վարույթի շրջանակում պարզվի որևէ անձի մասնակցություն նմանատիպ արարքին, ապա, բնականաբար, դատախազությունն օր առաջ ներկայանալու է ԱԺ։ Մեծ քննչական խումբ է աշխատում, և չի բացառվում, որ լինեն այլ անձինք, որոնց վերաբերյալ նույնպես կհարուցվեն մեղադրանքներ և կընտրվեն ազատությունից զրկելու խափանման միջոցներ»,- ասաց Վարդապետյանը։